Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ՀԱԿ-ը «պետական հեղաշրջման ծրագիր» է որակում Սահմանադրության նախագիծը

ՀԱԿ-ը «պետական հեղաշրջման ծրագիր» է որակում Սահմանադրության նախագիծը
24.07.2015 | 11:35

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը նոր Սահմանադրության նախագիծը որակելով իշխանության յուրացման նպատակով պետական հեղաշրջման ծրագիր, միջազգային կազմակերպություններին կոչ է անում չաջակցել Հայաստանի իշխանությունների «այս արկածախնդրությանն» ու «բռնապետություն հաստատելու փորձերին»։ Մանրամասն վերլուծելով նախագծի հրապարակված մասը, Կոնգրեսը եզրակացրել է, որ Սերժ Սարգսյանի «հակաժողովրդավարական ռեժիմի» վերարտադրման ու հավերժացման խնդիրը փորձ է արվում լուծել ԱԺ-ում ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և «Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված ԱԺ նախագահի և ՀՀԿ-ի գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով»։ Այդ նպատակով է, ըստ ՀԱԿ-ի, նախագծում ներառվել կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման դրույթը, այդ նպատակով է նախատեսվում ԱԺ նախագահին տալ պետական կառավարման մեջ առաջին դեմքի դերը և էապես թուլացվում է վարչապետի ինստիտուտը։
Կոնգրեսը ուշադրություն է հրավիրում նաև դրույթներին, որոնցով ԱԺ նախագահին ու նրա ղեկավարած քաղաքական մեծամասնությանը վերապահվում են դատական իշխանության ձևավորման բացառիկ ֆունկցիաները, քանի որ ԱԺ է ընտրելու Վճռաբեկ դատարանի կազմը, Սահմանադրական դատարանի դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի կազմի կեսին։ ԱԺ նախագահին և նրա ղեկավարած կուսակցությանը տրվում են նաև կարգավորող հանձնաժողովներ ստեղծելու և անդամներին նշանակելու բացառիկ լիազորություններ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովների։
Ընդգծելով, որ հասարակությանը հրամցվող հասարակական-քաղաքական հարաբերությունների համակարգը լուրջ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի պետականության համար, ՀԱԿ-ը մանրամասնում է՝ միակենտրոն իշխանական համակարգի ձևավորմամբ խեղվում է պետական կառավարման համակարգը, երկրում անվտանգության և զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը խոցելի վարչապետի ու կառավարության վրա դնելով խաթարվում է ազգային անվտանգության համակարգը և սահմանադրորեն ամրագրվում է բռնապետության հաստատումը։
«Այսպիսի համակարգի ներդրումից հետո Հայաստանում իշխանության որևէ փոփոխություն հնարավոր կլինի միայն հասարակություն - իշխանություն սուր առճակատման և ցնցումների միջոցով»,- նշում է Կոնգրեսը՝ այս վտանգից խուսափելու միակ ճանապարհը համարելով քաղաքական ուժերի, առողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումը։

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ